Ինտերնետ, լավ չես անում, մեզ բռնել ես, բաց չես թողնում…

Պաշտոնական տվյալներով` www.odnoklassniki.ru կայքում գրանցված է 45.000.000 օգտվող, իսկ Հայաստանում սոցցանցից օգտվողների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան կամ էլ դրանք շատ հակասական են: Իսկ Facebook-ում գրանցված է ավելի քան 500 մլն օգտվող, որոնցից 100.880-ը` Հայաստանից: Ի դեպ, Facebakers-ի տվյալներով` միայն վերջին ամսվա ընթացքում ֆեյսբուքամոլների բանակին է միացել 12.400 հայաստանցի:
Դեռևս այս տարվա սեպտեմբերին Facebook-ն իր հաճախելիությունների քանակով առաջ անցավ Odnoklassniki-ից: Բացատրություն ստանալու համար երկար պետք չէ մտածել, նախ Facebook-ում քեզնից երբեք գումար չեն պահանջի`անձնական տվյալները փակելու, ծրագրերից օգտվելու, ինչ-որ անիմաստ սմայլիկներից օգտվելու, ակտիվության ժապավենը թաքցնելու և վերջապես պրոֆիլդ ջնջելու կամ էլ գրանցվելու համար…
Եվ Facebook-ում ավելի քիչ է հավանական, որ կհանդիպես մի աղջկա, որն ասի. «Ես ստեղ ոչ մեկի հետ չեմ խոսում, ստեղ մորքուրիս աղջկա հետ եմ մենակ խոսում, ինքը Մոսկվայումա, դրա համար կլասնիկով ենք շփվում, հա, մեկ էլ քո հետ…»: Ֆեյսբուքում աղջիկներն օրեցօր ավելի անկաշկանդ նշում են, որ հետաքրքրված են վիրտուալ շփումով, հարաբերություններով և այլն: Իսկ ընկերների ցուցակում ավելացնելիս հազվադեպ են հարցնում`մենք ծանո՞թ ենք:
Կլասսնիկը կորցրեց իր դիրքերն ագահության պատճառով` աստիճանաբար վճարովի դարձնելով համարյա բոլոր ծառայությունները, իսկ այժմ փորձում է վերականգնել վաղեմի տարածվածությունը` անվճար դարձնելով կայքում գրանցվելը: Փոխարենը գրանցումից հետո սոցցանցից օգտվելու համար պարտադիր է SMS-ով հաստատումը, ինչն ավելի շատ հիշեցնում է անձնական տվյալների հավաքագրման և ոչ թե սպամերներից խուսափելու միջոց…
Իսկ ահա Ֆեյսբուքի գլխավոր էջում ի սկզբանե գրված է. «Գրանցվելն սնվճար է (և միշտ այդպես կլինի)»: Ցուկերբերգի ստեղծած սոցցանցն ունի մի շարք առավելություններ. ներառում է իր մեջ նամակներով փոխանակվելու հարմար չատ, որը նույնիսկ շատ դանդաղ ինտերնետ կապի դեպքում կաշխատի, հրապարակումներ անելու հնարավորություն, որոնք կտեսնեն ընկերներդ և ոչ միայն, հնարավորություն տեղադրել կայքում հղումներ այլ կայքերից, (ինչը կլասսնիկում հնարավոր դարձավ միայն վերջերս), վիդեո ֆայլերի տեղադրում և այլն:
Իհարկե, սոցցանցերից օգտվում են նաև շատ դեռահասներ, որոնց համար անմեղ թվացող շփումը կարող է վտանգավոր դառնալ: Օրինակ` կլասսնիկում շատ հաճախ կհանդիպես պոռնոգրաֆիկ բնույթի նկարների: Նման պրոֆիլների դեմ պայքարը դարձել է անկառավարելի նույնիսկ նկարների «գրաքննության» դեպքում, որն իրականացնում են հենց օգտագործողները` ինչ-որ անհասկանալի միավորներ վաստակելու նպատակով: Իսկ Ֆեյսբուքում փորձելու դեպքում էլ դժվար գտնես նման պրոֆիլներ, նույնիսկ որոնման արդյունքներում ոչ մի այդպիսի բան չի հանդիպում, ուր մնաց` պատահմամբ: Աշխարհի ամենամեծ վիդեոհոսթինգ Youtube-ը, որտեղ ամեն րոպե ավելացվում են 35 ժամ ընդհանուր տևողությամբ հոլովակներ, շատ խիստ հսկվում է… Փաստորեն ստացվում է, որ YouTube-ը հսկել լինում է, իսկ օդնոկլասսնիկը` ոչ կամ էլ… դա ձեռնտու է սոցցանցի տերերին երիտասարդներին ու հատկապես անչափահասներին գայթակղելու համար…
Մի քանի տարի առաջ, երբ www.odnoklassniki.ru-ն մտավ բոլորի համակարգիչների ու բջջայինների մեջ, խլեց մարդկանց իրական ապրելու զգացումն ու առօրյայի մի մասնիկ դարձավ, թվում էր` թե սրանից ավել ոչինչ չի լինի… Բայց Facebook-ը կրկին փոխեց ամեն ինչ` ավելի մեծ կախվածություն առաջացնելով:
Գուցե տարիներ հետո կստեղծվեն ավելի հզոր ու ավելի մեծ կախման մեջ գցող սոցցանցեր... Ո՞րն է դրանց զենքը… Ի՞նչն է այդ կախվածության պատճառը... Նոր ծանոթությունները, հանդիպումների ձգտումը, թե՞ արդեն ծանոթ ընկերների հետ օնլայն շփումն ու միայնակությունը «ցրելու» ինքնախաբեությունը... Ինչպես ասում է Մարկ Ցուկերբերգը «Սոցիալական ցանց» ֆիլմում, «ինտերնետում հազարավոր աղջիկների տոննաներով նկարներ կան, բայց դա այնքան էլ հետաքրքիր չէ, մարդիկ ուզում են ծանոթ մարդկանց նկարները տեսնել ցանցում… »:

No comments:
Post a Comment