«Բալես, դու էլ գրանցվի ինտերնետներում, կարողա մի տղա էլ դու ճարես»

«Բալե՞ս: Էս ի՞նչ եմ լսում, հարևան Մարիշն ամուսնացելա՞ ինտերնետով: Ասում եմ քեզ էլ չքցենք ինտերնետ, կարողա քո համար էլ մի լավ տղա գտնես»,- մոր ու աղջկա խոսակցություն, որը լսել եմ պատահմամբ:
Հաճախ եմ լսում սոցցանցերի միջոցով, հատկապես odnoklassniki.ru-ով ծանոթացած ու նույնիսկ ամուսնացած զույգերի մասին: Ինֆորմացիան արագ տարածվում ու հասնում է նաև այն մարդկանց, ովքեր չգիտեն էլ` ինտերնետն ինչ է ներկայացնում իրենից: Իրենց աղջիկների մասին մտածող «ծյոծյաներն» էլ, առանց իմանալու` ինչ է դա, դիմում են շրջապատում համակարգչից հասկացող մեկին ու ասում` «մեր աղջկան էլ քցենք ինտերնետ, կարողա իրա բախտն էլ բերի»:
«Ապե, ինտերնետում լավ աղջիկ չկա»,- դեռ մի քանի ամիս առաջ ասում էր ինձ շատ լավ ծանոթ մի տղա, որը այնքան ավանդապաշտ էր, որ ինտերնետը միայն վատի հետ էր ասոցացնում: Նույն այդ տղան, անտեսելով իր կարծրատիպերը, ամուսնացավ` odnoklassniki.ru-ում ծանոթանալով մի աղջկա հետ:
Վիրտուալ սիրուն հավատացողները շատ են, իսկ բարձրաձայնողները` քիչ: Այդ online սերն էլ քիչ է մնում վերածվի վիրտուալ կենցաղի. տղան սկսում է արգելել աղջկան շփվել ուրիշների հետ, աղջիկն իր հերթին անհանգստանում է, թե ինչու է տղան ուշ-ուշ գրում`«չլինի՞ ուրիշի հետա խոսում»:
Հիմա երևի ամուսնական գործակալության դրոշն odnoklassniki-ն արդեն փոխանցել է Ֆեյսբուքին, ինչը, սակայն, ոչինչ չի փոխում:
Քչերն են գիտակցում` ինչ հետևանքներ են ունենում ինտերնետում անցկացրած անհաշվելի ժամերն ու այնտեղ լինելու անհագ ցանկությունը` չմտածելով, որ այդ կախվածությունը հաճախ ազդում է մարդու հոգեբանության, սկզբունքների, արժեքների վրա:
Հիշեցի մի քանի տարի առաջ Երևանում մեծ աղմուկ հանած պատմությունը. ամուսնացած կինը , որ աշխատանքի վայրից հաճախ էր մտնում տարբեր չաթեր ու ծանոթություններ հաստատում, մի օր որոշեց իրականում հանդիպել իր նոր ծանոթին: Հանդիպումը ունեցավ շատ տխուր հետևանքներ ոչ թե այն պատճառով, որ չարդարացան սպասելիքները, այլ որովհետև կնոջ նոր օնլայն ծանոթն իրականում նրա ամուսինն էր, որն անմիջապես ապարհարզան պահանջեց:

No comments:
Post a Comment